ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկու նշանակում
Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 14-ի հրամանագրով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար: Մինչ այս Էդվարդ Նալբանդյանը համատեղության կարգով Հայաստանի դեսպանն էր նաեւ Վատիկանում, Իսրայելում եւ Անդորայում:
52-ամյա Էդվարդ Նալբանդյանը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը եւ ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ-ի դեսպանատանը, Եգիպտոսում ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի դեսպանությունում, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի արտգործնախարարությունում: 1992-ից մինչեւ 1998 թվականը եղել է Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, ապա դեսպան: 1999 թվականից Հայաստանի դեսպանն էր Ֆրանսիայում: Տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին եւ արաբերենին:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով երեկ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Մինչ օրս նա զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
46-ամյա Օհանյանը 1988 թվականից ծառայել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձիգային գնդում: 1992 թվականին գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո ծառայել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Մասնակցել է մարտական գործողություններին, 1992 թվականին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտակայքում: Նույն թվականի դեկտեմբերին նշանակվել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ: 1994 թվականից մինչեւ 1998 թվականը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1999 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար: 2007 թվականից եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Իսկ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
56-ամյա Յուրի Խաչատուրովը մինչ օրս զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: 1974 թվականին Թբիլիսիի ռազմահրետանային ուսումնարանն ավարտելուց հետո Յուրի Խաչատուրովը ծառայել է Սմոլենսկում, Պրիմորյեի երկրամասում, Ուսուրիյսկում` զբաղեցնելով հրետանային դիվիզիոնի դասակի, մարտկոցի, առանձին դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ: 1982-1985 թվականներին ուսանել է Մոսկվայի ռազմա-հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետում` նշանակվելով բելոռուսական զինվորական օկրուգի դիվիզիայի հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ: 1985-1988 թվականներին ծառայել է Աֆղանստանում, մասնակցել մարտական գործողություններին` արժանանալով 4 մարտական շքանշանների: 1989 թվականին նշանակվել է բելոռուսական զինվորական օկրուգի առանձին հրետանային բրիգադի հրամանատար: 1992 թվականին ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում, նշանակվել է Լուսակերտում տեղակայված 2-րդ գնդի հրամանատար, ապա` Հայաստանի Սահմանապահ զորքերի հրամանատար-պաշտպանության փոխնախարար: 1993 թվականին նշանակվել է Տավուշի եւ Կրասնոսելսկի ուղղությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, 1994-1995 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության 2-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, նորաստեղծ 1-ին բանակային կորպուսի հրամանատար: 2000 թվականին նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին, ասել է, թե Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Գերագույն գլխավոր հրամանատարին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար եւ նշել, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ: Նա ասել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը:
