«Հայկական հարց» ԱՄՆ կոնգրեսում եւ ԵԽԽՎ-ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվելու են նաեւ Հայաստանին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կլսվի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը: Պրեսկոտը ներկայացնելու է Հայաստանի ընտրություններին վերաբերող հարցը: Իսկ հինգշաբթի օրը, եթե Վեհաժողովը որոշի քվեարկությամբ, օրակարգում կընդգրկվի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող հարցը:

«Հայաստանում մարտի 1-ին որեւէ լավ բան չի եղել, մարտի 1-ին մենք չենք ունեցել ինչ-որ մի դրական կամ լավ բան, եւ ես որեւէ լավ զեկույց կամ լավ բանաձեւ չեմ ակնկալում», -հայտարարել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչը վստահ է, որ հիմնականում կքննարկվեն մարտի 1-2-ի իրադարձությունները, ինչպես նաեւ արտակարգ դրության, բանտարկությունների հետ կապված խնդիրները:

Իսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը ապրիլի 17-ին կքննարկի Հայաստանում հետընտրական իրավիճակը:

«Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանն ապրեց վերջին տասնամյակի ամենալուրջ քաղաքական ճգնաժամը: Իշխանությունների եւ ընդդիմության աջակիցների առճակատումը մարտի 1-ին հանգեցրեց առնվազն 8 զոհի եւ արտակարգ իրավիճակ մտցնելուն` լրջորեն վնասելով Հայաստանի հեղինակությունը: Թեեւ Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ, ընդդիմության առաջնորդներից ոմանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, եւ իշխանություն - ընդդիմություն հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Արտակարգ իրավիճակը վերացվել է, սակայն հավաքների ազատության սահմանափակումը դեռեւս գործում է», - ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հանձնաժողովի, լսումների ժամանակ կխոսվի հետընտրական զարգացումների հետեւանքների մասին, հատկապես` ազդեցությանը Lեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից օգնություն ստանալու համար անհրաժեշտ Հայաստանի ցուցանիշների վրա:

Lսումներին կմասնակցեն Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը: