ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կանայք՝ Եվրախորհրդի գրասենյակի մոտ
Իրենց ամուսիններին քաղաքական բանտարկյալ համարող մի քանի տասնյակ կանայք այսօր «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներով եւ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներից ոմանց դիմանկարներով բողոքի ցույց էին կազմակերպել Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի առջեւ` պահանջելով ազատ արձակել բոլոր կալանավորվածներին:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ` Մելիսա Բրաունի տվյալներով, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ են ստորագրել նամակի տակ, որն այսօր ուղարկում են Եվրախորհուրդ եւ որով ակնկալում են նաեւ մարտի 1-ի իրադարձությունների «անհապաղ եւ անկախ հետաքննություն, որը կբացահայտի սպանությունների բոլոր մեղավորներին», անհանգստություն են հայտնում ընդդիմության ղեկավարների եւ ներկայացուցիչների «համատարած ձերբակալությունների» առիթով: Նամակը ստորագրածները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, հակադեմոկրատական ճանաչել հանրահավաքների մասին օրենքում վերջին փոփոխությունները, հորդորել Հայաստանի իշխանություններին հարգել ժողովրդավարության եւ խոսքի ազատության հանդեպ ստանձնած պարտավորությունները եւ վերացնել ազատ մամուլի սահմանափակումները:
Նամակն ավարտվում է արձանագրումով, թե այսօր Ֆրանսիան, Գերմանիան եւ արեւմտյան այլ երկրներ «պարտավոր են ապացուցել, որ մարդու իրավունքները, խոսքի ազատության արժեքները չեն սահմանափակվում միայն Եվրամիության ներսում»:
Ըստ ցուցարարների, ակցիան ոչ թե բողոք է Եվրախորհրդի դեմ, այլ ուղղակի ցույց են տալիս, որ իրոք Հայաստանում հիմա ժողովրդավարությունը լրիվ վտանգված է. «մենք կանգնում ենք մեր ամուսինների կողքին»:
