Դահլիճները փակ ե՞ն

Սոցիալ–դեմոկրատ Հնչակյան կուսակցության Սարգիս Տխրունի ուսանողական -երիտասարդական միությունը որոշել էրնվիրված հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկում կազմակերպել եւ ընտրել էր Անի–Պլազա հյուրանոցի դահլիճներից մեկը։ Քննարկումը սակայն չի կայացել:

Ինչպես տեղեկացնում է Սարգիս Տխրունի ուսանողական -երիտասարդական միությունը. «Սույն ամսի 24-ին լռանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը և մենք` որպես եղեռն վերապրած կուսակցության երիտասարդական-ուսանողական միության անդամներ, ցանկանում էինք հավաքել ամբողջ երիտասարդական դաշտը, ծավալել քննարկում, լսել մարդկանց, ովքեր բավական մասնագիտացել են այս ոլորտում: Մենք հրավիրել էինք ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների ուսանողական-երիտասարդական միություների ներկայացուցիչներին, այլ նաև ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի երիտասարդական կազմակերպություներին: Նպատակը մեկն էր` հայտարարել, որ հայ երիտասարդներս միակամ ենք ցեղասպանության խնդրում, որ պահանջատեր ենք, որ չենք մոռանա այն, ինչ եղել է: Սակայն մեծ եղավ մեր զարմանքն ու վրդովմունքը, որ հերթական անգամ, վերջին րոպեներին մեզ զանգահարեցին և մերժեցին դահլիճ տրամադրել, այս անգամ էլ Անի-Պլազա հյուրանոցն էր: Հասկանալով այս ամենի տակ թաքնված խոր ենթատեքստը, մենք դատապարտում ենք պատկան մարմինների այսօրինակ գործելաոճը և փաստում, որ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունը դատապարտող խորհրդաժողով մինչ այժմ չէր կարելի անցկացնել միայն Թուրքիայում և Ադրբեջանում: Այսօր արդեն կարելի է փաստել, որ նմանատիպ խորհրդաժողով չի կարելի անցկացնել նաև Հայաստանում: Ուշքի եկեք, պարոնայք, միթե սա է ձեր գործելաոճը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ երիտասադական այլ կազմակերպությունների դահլիճներ չէին տրամադրել Կոնգրես եւ Մարիոթ հյուրանոցները, իսկ Հայաստանում Ամերիկյան Համալսարանը տրամադրել էր։