ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիների հայտարարությունը
Շիրակի մարզի 62 ազատամարտիկներ ստորագրվել են հետեւյալ հայտարարության տակ.
«10 ապրիլի, 2008 Գյումրի
Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր
մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական
հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ
Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ
Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը ու Գեւորգ
Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության ստեղծման
ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների պաշտպանության,
ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը հայտնի է թե’ ՀՀ
ազգաբնակչությանը, թե’ ԼՂՀ ժողովրդին, թե’ իշխանություններին:
Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու
ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած
հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում`
քաղաքական բանտարկյալների կարգավիճակով:
ՀՀ իշխանություններին զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են
նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի
պաշտպանվածության ապագան: Սույն հայտարարությամբ սթափվելու եւ խոհեմության կոչ ենք
անում ՀՀ իշխանություններին` փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից
վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին:
Ազատամարտիկներս հայտարարում ենք, որ բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք
Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների
ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր
մտահոգությունը եւ աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար:
Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների
շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել
են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար
ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ
պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:»
Հայտարարությունը ստորագրել են Շիրակի մարզի, թվով 62 ազատամարտիկներ
Նրանց ներկայացուցիչները Մամլո ասուլիս են հրավիրել Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի Խոսքի ազատության սրահում ապրիլի 11-ին ժամը 11-ին: Հասցե. Գյումրի,
Պուշկինի փ., 96:
