ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողների համար փակ են ԱԱԾ–ն եւ ՏԻՄ–երը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ անցկացրել է «Լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքը» անվանված ուսումնասիրություն։ Լրագրողների շրջանում հարցում է իրականացվել, պարզելու համար, թե որն է ամենաբաց եւ հրապարակային, ինչպես նաև փակ, տեղեկատվության առումով դժվարամատչելի գերատեսչությունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով, հարցումն անց է կացվել 105 լրագրողների շրջանում, որոնցից 46 տոկոսի կարծիքով ամենաբաց եւ հրապարակային պետական մարմին է ճանաչվել արտաքին գործերի նախարարությունը, երկրորդ տեղում 38 տոկոսով՝ վիճակագրական ծառայությունն է, երրորդը՝ 36 տոկոսով արտակարգ իրավիճակների ծառայությունը: Կառավարության ցուցանիշը եղել է 33 տոկոս: Լրագրողների 30 տոկոսը նշել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, 24 տոկոսը՝ մշակույթի նախարարությունը, 15 տոկոսը՝ կրթության եւ գիտության նախարարությունը: Լրագրողների 38 տոկոսը որպես փակ, տեղեկատվության առումով դժվարամտչելի գերատեսչություն են համարել Ազգային անվտանգության ծառայությունը:
Տեղական ինքնակառավարման մարմիններն, ըստ լրագրողների, ևս փակ կառույցների թվում են: Լրագրողների միայն 23 տոկոսն է կարծում, որ թաղապետարաններից հեշտ է տեղեկատվություն ստանալը:
