ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ICG. «Սա ամենախորը ճգնաժամն է Հայաստանում 1994 թվականից ի վեր»
Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group - ICG)
երեկ հրապարակած ծավալուն
զեկույցում իր մոտեցումներն է հայտնում Հայաստանում ստեղծված կացության
առթիվ` իրավիճակը բնութագրելով որպես «ներքաղաքական խորը ճգնաժամ»:
Դրա ծագման անմիջական պատճառները, ըստ խմբի փորձագետների, թերություններով անցած
նախագահական ընտրություններն էին, դրանց հաջորդած ընդդիմության ցույցերի բռնի
ճնշումը, Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ու ընդդիմադիրների լայնածավալ
ձերբակալությունները:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել ճգնաժամը հաղթահարելու համար: Այս առումով Միջազգային
ճգնաժամային խումբը հստակ քայլերի մի ողջ փաթեթ է առաջ քաշում: «Lեգիտիմության
ճգնաժամից խուսափելու եւ քաղաքական կայունությունը վերականգնելու համար» զեկույցի
հեղինակները Հայաստանի իշխանություններին առաջարկում են «վստահություն ներշնչող
երկխոսության» մեջ մտնել ընդդիմության հետ: Խումբը նաեւ խորհուրդ է տալիս «ազատ
արձակել բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են իրենց քաղաքական ակտիվության
պատճառով, դադարեցնել ընդդիմադիրների ձերբակալություններն ու նրանց ուղղված
սպառնալիքները` այդ թվում այն գործողությունները, որոնք ուղղված են փետրվարի 19-ի
ընտրությունների ընթացքում [Սերժ Սարգսյանի] հիմնական մրցակցի, նախկին նախագահ
Lեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»:
Մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
խմբի փորձագետների տեսակետը հետեւյալն է. - «Իշխանությունները պետք է նախաձեռնեն
մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն` միջազգային մասնակցությամբ,
ինչպես նաեւ պարտավորություն ստանձնեն` պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք
անօրինականորեն զենք են կիրառել քաղաքացիների նկատմամբ»:
Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խումբը իշխանություններին կոչ է անում վերացնել
հանրահավաքների մասին օրենքում «արտակարգ դրության ռեժիմի գործողության օրերին
կատարած փոփոխությունները», հետաքննել ընտրությունների օրը տեղամասերում
արձանագրված բռնությունները, որոնց թիրախ էին դարձել ընդդիմադիր կուսակցությունների
դիտորդները: Կառավարությանը կոչ է արվում վերացնել լրատվամիջոցների գործունեության
վրա սահմանված բոլոր արգելքները:
Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանը, ապա այն, ըստ Միջազգային ճգնաժամային
խմբի, եւս պետք է «առանց որեւէ նախապայմանի եւ առանց հապաղելու» երկխոսության մեջ
մտնի կառավարության հետ:
Զեկույցի հեղինակները ընդդիմության առաջնորդներին խորհուրդ են տալիս Սահմանադրական
դատարանի մարտի 8-ի վճիռը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խմբի
փորձագետները ընդդիմությանը նաեւ կոչ են անում բացառել ցանկացած քայլ, որը կարող է
հանգեցնել անկարգությունների, մասնավորապես` «պետական հիմնարկների արգելափակմանն ու
այդ հաստատությունների գործունեության համար սպառնալիքների ստեղծմանը»:
Երեկ հրապարակված այս զեկույցի մի քանի դրույթներ վերաբերում են հայաստանյան վերջին
իրադարձությունների միջազգային արձագանքին: Միջազգային ճգնաժամային խմբի
փորձագետները բավական լուրջ քննադատության են ենթարկում արեւմտյան կառույցներին`
դրանց արձագանքը անվանելով «ոչ համարժեք»:
Քաղաքական զարգացումների այս փուլում, ըստ խմբի անդամների, Եվրամիությունն ու
Միացյալ Նահանգները պետք է խրախուսեն բոլոր առաջատար քաղաքական ուժերին, որպեսզի
դրանք մտնեն ուղղակի բանակցությունների մեջ միմյանց հետ. - «Բացի այդ, Արեւմուտքը
միանշանակորեն պետք է հասկացնի Սարգսյանի վարչակազմին, որ բնականոն
հարաբերություններ չեն կարող հաստատվել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ուժերի
հաշտեցմանն ուղղված լուրջ քայլեր չեն ձեռնարկվել եւ քանի դեռ չեն վերացվել ներկա
անկայունության խորքային պատճառները»:
Ըստ խմբի փորձագետների` եթե Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ չդիմեն վերը
նշված քայլերին, ապա հարկ կլինի մտածել ավելի կտրուկ գործողությունների մասին:
Իրադարձությունների զարգացման նման անբարենպաստ սցենարի դեպքում Միջազգային
ճգնաժամային խումբը Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը խորհուրդ է տալիս. «1.
Դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնության տրամադրումը», «2. Եվրոպայի խորհուրդը
պետք է քննարկի Հայաստանի անդամակցության սառեցման հարցը» եւ «3. Միացյալ
Նահանգներն ու Եվրամիությունը պետք է քննարկման առարկա դարձնեն դիվանագիտական
էմբարգոյի հարցը` արգելք դնելով նախագահ Սարգսյանի եւ ուժային կառույցների
ղեկավարների` Արեւմուտք կատարվող ցանկացած այցելության վրա»:
Այս վերջին քայլի անհրաժեշտությունը, ըստ խմբի փորձագետների, կարող է ծագել` եթե
լինեն բռնության նոր դեպքեր:
Ինչ վերաբերում է զեկույցի նկարագրական մասին, ապա այն բավական մանրամասնորեն
անդրադառնում է հատկապես մարտի 1-ի իրադարձություններին` արձանագրելով, որ «երկու
կողմից էլ այդ օրը բռնարարքներ արձանագրվեցին, սակայն կասկած չկա, որ խաղաղ
ցուցարարների հանդեպ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կառավարության
իրականացրած գործողություններն էին, որ հետագայում հանգեցրին նման ողբերգական
իրադարձությունների»:
Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցում նաեւ փորձ է արվում հասկանալ, թե որոնք
էին առկա ճգնաժամի խորքային պատճառները: Ըստ խմբի մասնագետների, դրանք են`
իշխանության կենտրոնացումը գործադիր մարիմինների, բանակի եւ անվտանգության
ծառայությունների ձեռքում, դատարանների փաստացի անազատությունն ու Հայաստանում
գործող հիմնական լրատվամիջոցներում առկա կառավարական գրաքննությունը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
