ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գործողությունների ծրագիրը՝ շաբաթավերջում
Այսօր Երեւանում մոտ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ ֆորում, որի նպատակն էր գնտել նախագահի ընտրություններից հետո ձեւավորված խնդիրների լուծումներ, առաջարկել ելքեր։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ այս պահին հետընտրական զարգացումներից հետո ունենք 8 զոհ, ապօրինի ձերբակալություններ, աօպրինի դատավարություններ, քաղաքական հայացքների համար մարդկանց աշխատանքից ազատելու դեպքեր եւ այս ամենը բացի բռնատիրությունից այլ բառով չես որակի։ Քննարկման մեկ այլ մասնակից առաջարկեց բռնատիրության դեմ պայքարել արժեքներ հակադրելով ու հիշեցրեց, որ ամենաբարձր արժեքը Ազատությունն է։ Եվ եթե քաղաքական ուժերը կամ իշխանությունները այս հարցերը իրենց օրակարգում չեն դնում, ՀԿ–ները պիտի դնեն եւ քննարկեն։
Քննարկումների արդյունքում հստակեցվեց հարցերի շրջանակը. «ինչպես վերացնել բռնապետությունը», «Ինչ անել, որ Հայաստանում հակաժողովրդավարական օրենքներ չընդունվեն», «Ինչպես հաղթահարել տեղեկատվակլան բլոկադան» եւ նաեւ «պաշտպանել ազատ լրագրողներին», «պատասխանատվության կանչել մարտի 1-ին կրակելու հրաման տված պաշտոնյային» եւ այլն։
Այս հարցերը խորությամբ քննարկելու համար ձեւավորվեցին աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքի ավարտին էլ՝ մինչեւ այս շաբաթավերջ հանրության կներկայացվի ֆորումի գործողությունների ծրագիրը։
