ԵԱՀԿ պարզաբանում է պահանջում

Ինչպես հայտնի է, Երեւանի Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքների մասնակիցներին առանց բացատրության տանում են ոստիկանություն, հետո առանց բացատրությունների բաց թողում։ Մարտի 27-ին բերման են ենթարկվել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մի աշխատակից։ Այս առթիվ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է.

«Մարտի 27-ին մոտավորապես ժամը 18:00-ին Թումանյան փողոցում մի խումբ ոստիկաններ կանգնեցրին ԵԱՀԿ տեղացի աշխատակցուհուն եւ իր բարեկամուհուն, որոնք անձնական գործով գնում էին «ԱրմենԹելի» բաժանմունք: Առանց որեւէ բացատրություն տալու ոստիկանները կարգադրեցին հետեւել իրենց, այնուհետեւ նրանց ստիպողաբար նստեցրեցին ոստիկանական մեքենա եւ տարան Շենգավիթի ոստիկանության բաժին: Գրասենյակի միջամտությունից հետո` աշխատակցուհին եւ իր բարեկամուհին անմիջապես ազատ արձակվեցին»:

Գրասենյակը նաեւ իր մտահոգությունն է փոխանցել ՀՀ իշխանություններին եւ պարզաբանում պահանջել: