13 քրեական գործ ուղարկվել է դատարան

2008 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործից առանձին վարույթ է անջատվել 13 քրեական գործ՝ 13 անձի վերաբերյալ՝ ըստ էության քննելու նպատակով ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նույն աղբյուրի համաձայն, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացիներ Արմեն Ավագյանին, Համլետ Աբրահամյանին, Դավիթ Համբարձումյանին, Ռաջու Պետրոսյանին, Սարգիս Պարունակյանին, Մեսրոպ Զաքարյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Հովհաննես Ղազարյանին, Վարդգես Գասպարյանին, Միսակ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, Ռուբեն Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի եւ 225 1 –րդ հոդվածի 1-ին մասով, Իսահակ Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով, Արտաշես Մաթեւոսյանին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այդպիսով, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 1-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 90 անձ, եւս 10 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: