ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընդամենը 21 մա՞րդ
Թեեւ ՀՀ մայրաքաղաքում եւ մարզերում ՀՀ իրավապահ մարմինները առանց լուրջ հիմնավորման մարդկանց խմբերով տանում են ոստիկանությունը, ինչի մասին ԶԼՄ–ներում տասնյակ հրապարակումներ են եղել, ՀՀ ոստիկանությունը պնդում է, որ իրականությունը այլ է։ Ըստ ոստիկանության այսօր տարածած հայտարարության.
«Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ Երեւանում, 9-ը՝ հանրապետության մարզերում: Բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից երկուսը կալանավորվել են, մեկի հարցը քննարկման փուլում է եւ երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Ամսվա ընթացքում վարչական վարույթ է հարուցվել 68 անձի նկատմամբ: Մարտի 1-ից 25-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 2 ատրճանակ, 2 ինքնաշեն ատրճանակ, 12 հրացան, 5 ինքնաձիգ, 3 ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տեսակի 111 նռնակ, 1 ինքաշեն նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, 3 ական, 1 օպտիկական սարք, լուսազդանշանային 9 հրթիռ, տարբեր տրամաչափի 2936 փամփուշտ եւ ինքնաձիգի 87 պահունակ: Նույն ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 5 ատրճանակ, 1 ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն կրակող 1 սարք, 9 հրացան, 2 ինքնաձիգ, տարբեր տեսակի 133 նռնակ, 3 ինքնաշեն նռնակ, 5 ական, ինքնաշեն 2 ական, տարբեր տրամաչափի 6908 փամփուշտ եւ ինքնաձիգի 163 պահունակ:
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության բաժիններ են բերվել վերջին օրերին մայրաքաղաքում հրահրված, այսպես կոչված՝ «քաղաքական զբոսանքների» եւ «քաղաքական ընթերցումների» կազմակերպիչներ ու մասնակիցներ, որոնց բացատրվել է իրենց գործողությունների անօրինական լինելը, ինչպես եւ ճշտվել է զանգվածային անկարգություններին նրանց մասնակցելու հանգամանքը:
ՀՀ ոստիկանությունը հավաստում է ցանկացած հակաօրինական եւ հակահասարակական գործողության համարժեք պատասխանելու, օրենքի եւ իրավասությունների շրջանակներում երկրի սահմանադրական կարգն ու հասարակական կարգուկանոնը պաշտպանելու իր վճռականությունը եւ քաղաքացիներին կրկին կոչ է անում՝ լինել ողջամիտ ու շրջահայաց եւ չտրվել սադրանքներին»:
