ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանները խոշտանգել են 12 անձի
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մարտի 25- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և հանդիպել եւս 28 կալանավորված անձանց: Ընդհանուր առմամբ աշխատանքային խմբերը տարբեր ՔԿՀ-ներում հանդիպել են մոտ 90 կալանավորված անձանց:
Մարտի 25-ի հանդիպումների ընթացքում կալանավորված անձանց մի մասը կրկին իրենց անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ:
Կալանավորված անձանցից 15-ը ապահովված են փաստաբանով, իսկ 10-ը` հրաժարվել են օգտվել փաստաբան ունենալու իրավունքից: Ըստ 3 կալանավորված անձանց, իրենց խոչընդոտել են օգտվել փաստաբանի ծառայություններից:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանցից 12-ը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:
Կալանավորված անձանց ճնշող մեծամասնությունը ՔԿՀ-ի վարչակազմից դժգոհություններ չեն հայտնել: Աշխատանքային խմբի կողմից այցելության պահին քրեադատավարական իրավունքների խախտման դեպքեր չեն արձանագրվել:
