ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկին ձերբակալել են, մյուսին՝ մեղադրանք առաջադրել
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին, այսօր առավոտյան կրկին հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն, մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասով, 225 պրիմ հոդվածի առաջին մասով եւ 300 հոդվածի առաջին մասով:
Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասը պատասխանատվություն է սահմանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով եւ զուգորդվել են սպանությամբ», 225 պրիմ հոդվածի առաջին մասը` «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» համար, 300 հոդվածի առաջին մասը` «պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողությունների» համար:
Արամ Սարգսյանը հրաժարվել է որպես մեղադրյալ ցուցմունք տալուց, ինչպես նաեւ հրաժարվել է փաստաբանից: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից դուրս չգալու ստորագրությունը, եւ նա տվել է ստորագրություն:
Իսկ անցած գիշեր ձերբակալվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Բանուչյանի տանը երեկ երեկոյան խուզարկություն է կատարվել, ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում, իսկ ժամը 3-ի սահմաններում տեղեկություն է ստացվել նրա ձերբակալության մասին:
