Ազատված դիվանագետները դիմել են դատարան

Հայաստանի արտգործնախարարության 4 աշխատակիցներ մարտի 24-ին դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը արտգործնախարարության դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան:

Փետրվարի 24-ին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցվել է նրանց հայտարարությունը, որում ասված էր. - «Մենք վրդովմունք ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների կապակցությամբ, որոնք ստվեր են նետում հանրապետության քաղաքակիրթ, ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա: Որպես Հայաստանի քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»: Իսկ ՀՀ արտգործնախարարությունը գտել է, որ սա քաղաքական գործունեություն ծավալելու փորձ է, ինչն արգելվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով:

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման հրամաններն արձակվել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո: