ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը
Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
20 մարտի 2008թ.
ք. Երեւան
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ
ներկայացուցիչներս, արձանագրելով, որ.
- 2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացված խաղաղ ցույցերն ու երթերը
կեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցված ընտրությունների նկատմամբ քաղաքացիների
վերաբերմունքի արտահայտություն էին, նաեւ բողոք` ընդդեմ ազատ խոսքի
սահմանափակումների, մարդու իրավունքների ճնշման եւ հանցագործների անպատժելիության
տարեցտարի սաստկացող մթնոլորտի, - ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների դեմ բռնի
ուժի կիրառումը եւ ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված
սադրիչ ու հանցավոր քայլեր էին, որոնք էլ հենց մարտի 1-ի եւ 2-ի գիշերվա ողբերգական
իրադարձությունների հիմնական պատճառներն են, - խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից
շրջափակելը, մարտական գնդակներ կիրառելը եւս ՀՀ իշխանությունների կազմակերպած
սադրանք եւ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն են, - ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական շրջափակմամբ
ճնշելը, գրաքննությունը, անձանց եւ կազմակերպություններին արտահայտման իրավունքից
զրկելը, համատարած բռնություններ եւ քաղաքական հետապնդումներ ծավալելն այսօրվա
իշխանությունների հակաժողովրդավարական էության եւս մեկ բացահայտում են, - ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն
ապացուցում է իրեն ժողովրդավարական եւ իրավական պետություն հռչակած երկրում անկախ
ու արդար դատական իշխանության բացակայությունը, - հետընտրական ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, մասնավորապես`
Հայաստանի Հանրապետությունում բռնատիրության իրավական ամրապնդմանն ուղղված
օրենքների ընդունումը, որը ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների
պաշտպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաների խախտում է, հերթական անգամ
հավաստում են երկրի օրենսդիր մարմնի` Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարների
կցորդ լինելը,
դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընտրությունների
ընթացքում իրականացված համատարած եւ համակարգային կեղծիքներն ու խախտումները,
հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, որոնք սքողվեցին «սահմանադրական
կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը
պաշտպանելու» պատրվակով:
Պահանջում ենք իշխանություններից`
- անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի
եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ, - վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական
ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն
ուղղված փոփոխությունները, - դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի
լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց
անօրինական եւ ամբողջական վերահսկողության:
Դիմում ենք միջազգային հանրությանը`
- անցկացնել անկախ միջազգային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական
պատասխանատուներին, - միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով
առաջնորդվող հանրակարգերի կայացմանը:
Հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը
վճռական է պայքարելու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման
համար եւ չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների ու բռնաճնշումների
առջեւ:
«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ,
«Զարթոնք-89»
«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ,
«Էկոտուրիզմի ասոցիացիա» հ/կ,
«Ընդդեմ իրավական կամայականության»
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Իրավունքի - ազատության կենտրոն» հ/կ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Կանանց հանրապետական խորհուրդ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ,
«Կրթության ասպարեզ» հ/կ,
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» հ/կ
«Մենք +» հ/կ,
«Պետական կարիքների զոհեր» հ/կ
«Սուրբ Սանդուխտ տիկնանց միություն»
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ,
«Փաստաբանները մարդու իրավունքների համար»
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ
