ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխարհը շարունակում է մտահոգվել
Մինչ Երեւանում շարունակվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ձերբակալություններն ու ԶԼՄ–ների ազատությունների սահմանափակումները, դրսից շարունակում են ստացվել այս ամենը դատապարտող հայտարարություններ։
Մարտի 13-ին Եվրամիության նախագահությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ կոչ է արել իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը: «Նախագահությանը հատկապես անհանգստացնում են շարունակվող ձերբակալությունների մասին հաղորդագրությունները»,֊ - ասված է նախագահության հայտարարության մեջ:
Միաժամանակ նախագահությունը ողջունել է սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած վերջին քայլերը: «Նախագահությունը կրկին կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»,- նշված է Եվրամիության նախագահության հայտարարության մեջ: Նախագահությունը վերահաստատել է իր առաջարկը՝ անկախ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ կատարվեց մարտի 1֊ին եւ որոնք էին պատճառները: Նախագահությունը նաեւ երկխոսության կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին:
Մարտի 13-ին իր մտահոգություն է հայտնել նաեւ Սպիտակ տունը։ Սպիտակ տունն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ քաղաքական երկխոսության կոչ արել:
«Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, վերացնի արտակարգ դրությունը եւ վերականգնի մամուլի ազատությունը: Մենք հորդորում ենք քաղաքական երկխոսություն սկսել կառավարության եւ ընդդիմության միջեւ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»,֊ - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Թոնի Ֆրատոն:
«Միացյալ Նահանգները դատապարտել է մարտի 1-֊ի եւ 2-֊ի բռնությունները, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, եւ դրան հետեւած իշխանության գործողությունները, ներառյալ ընդդիմադիրների ձերբակալումը, մամուլի ազատության, ինչպես նաեւ հավաքվելու իրավունքի սահմանափակումը»,֊ - ասել է Սպիտակ տան խոսնակը:
