ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեթյու Բրայզան կրկին կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին
Մարտի 11-ին ուշ երեկոյան Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան կրկին հորդորեց Հայաստանի քաղաքական ուժերին սկսել երկխոսություն:
Այն հարցին, թե ի՞նչ հավելյալ մանրամասներ կարող է հաղորդել ամերիկացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից երկխոսության, այսպես կոչված, «կլոր սեղանի» ձեւաչափի վերաբերյալ, Բրայզան պատասխանեց հետեւյալը. - «Մենք կցանկանայինք տեսնել, որ բոլոր խոշորագույն քաղաքական կուսակցությունների` ընդդիմադիր, իշխանամետ, կոալիցիայի անդամները, բոլորը հավաքվեն միասին քննարկման համար, քննարկում, որը կներկայացնի Հայաստանի բոլոր քվեարկողներին, որը կխոսի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ապագայի եւ դրանց ամրապնդման մասին: Թե որո՞նք կլինեն կոնկրետ թեմաները` դա մասնակիցների գործն է, իհարկե: Սակայն բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գործընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը»:
Հայաստանի իշխանություններն ասում են, թե անվտանգության ուժերը զենք չեն օգտագործել մարտի 1-ի ցույցը ցրելիս: Ընդդիմությունն էլ մեղադրում է, թե հատուկ ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա` միաժամանակ պնդելով, թե տուժածների թիվը շատ ավելի մեծ է, քան կառավարությունն է հաղորդում: Եվրամիության նախագահությունը առաջարկել է անկախ հետաքննություն անցկացնել: Իսկ Միացյալ Նահանգները աջակցում է այդպիսի հետաքննություն անցկացնելու առաջարկը:
«Մենք պաշտպանում ենք անկախ հետաքննության առաջարկը եւ կարծում ենք, որ դա օգտակար կլինի», - ասաց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: - «Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի երբեւէ գնահատել ճշգրտորեն, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք: Վերականգնենք ընտրություններին հասցված վնասները` պատժելով այն մարդկանց, որոնք ապօրինի կերպով ուժ են գործադրել կամ խախտել են ընտրությունների մասին օրենքը»:
«Չնայած Միացյալ Նահանգների կոչերին` ձերբակալությունները դադարեցնելու մասին, ընդդիմության ակտիվիստներին շարունակում են ձերբակալել: Ի՞նչ է արվում այդ առնչությամբ», - այս հարցին Մեթյու Բրայզան արձագանքեց. - «Սա մի խնդիր է, որ պետք է լուծվի Հայաստանի կառավարության կողմից, իհարկե, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»:
