ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ձերբակալությունները շարունակվում են
Թեեւ այսօրվանից՝ մարտի 10-ից հանվել են արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի երկու կետ՝ ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում» եւ «արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում», սակայն մամուլի սահմանափակումները դեռ մնում են։ Հայաստանում փակ են ոչ միայն իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներ հրապարակող թերթերն ու էլեկտրոնային թերթերը։ Օտարերկրյա էլեկտրոնային լրատվամիջոցները հասանելի չեն։ Այնպես որ տեղեկությունները ստացվում են ոչ ստանդարտ ճանապարհներով։ Այսպես ստացված տեղեկությունների համաձայն, ձերբակալվել է Լեւոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Ինչպես տեղեկացնում են «Ազատություն» ռադիոկայանը եւ «Armenia Today» կայքը, մարզերում շարունակվում են ռեպրեսիաները ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց եւ կողմնակիցների նկատմամբ: Թումանյանի տարածաշրջանում եւս շարունակվում են հանրահավաքների մասնակից լեւոնականների հետ Ազգային անվտանգության ծառայության եւ իրավապահ մյուս մարմինների կողմից «անհատական» աշխատանքը: Օձունեցի Ալբերտ Նալբանդյանի (8 անձ ) եւ Դավիթ Մակիչյանի (4 անձ) ընտանիքները հանրահավաքներին մասնակցելու պատճառով զրկվել են բնական գազից: Մարտի 8-ի լույս 9-ի կեսգիշերին Լոռու մարզի Օձուն գյուղում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ անկուսակցական Լորիս Աղվանյանին եւ նրա եղբորը` ՀԺԿ-ական Եզեկ Աղվանյանին պատկանող ալրաղացը:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, մարտի 9-ին դատախազություն են հրավիրվել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը:
Ռուզան Խաչատրյանը ասել է, որ, իրեն հրավիրել էին նախագահական ընտրություններին հաջորդած, մասնավորապես` մարտի 1-ի եւ մարտի լույս 2-ի գիշերվա իրադարձությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության` «առայժմ, համենայն դեպս, իբրեւ վկա»: «Նախ` անընդհատ պնդում էին մասնակցությունը «ապօրինի»` ինչպես իրենք էին արտահայտվում, հանրահավաքներին, երթերին եւ այլն: Ես հակադարձում էի, որ Սահմանադրությամբ հռչակված է ազատ երթերի եւ հանրահավաքների, զանգվածային միջոցառումների իրավունք, եւ ես իրականացրել եմ իմ իրավունքը, իսկ «ապօրինի հանրահավաք» հասկացություն Հայաստանի օրենքում չկա: Բացի այդ, հետաքրքրվում էին` որ օրը որ ժամին որտեղ եմ եղել, ինչ եմ տեսել: Պնդում էին, որ զանգվածային անկարգություններ, սպանություններ, ինչպես այնտեղ հարցը ձեւակերպված էր, զենքի կիրառում եւ այլն: Ես պատասխանեցի, որ ես այդպիսի բաներ չեմ տեսել, հետո մամուլից եմ իմացել, որ ինչ-որ անկարգություններ են եղել Մաշտոցի պողոտայում, բայց հանրահավաքը տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այնտեղ որեւէ այդպիսի բան չի եղել: Բայց երկու դրվագ, ինչին ականատես եմ եղել, ես մեջբերեցի: Առաջինը` ցերեկվա ժամերին ոստիկանության մեքենան թափով մխրճվեց ցուցարարների մեջ, եւ հետո մենք իմացանք, մեզ տեղեկացրեցին քաղաքացիները, որոնք երկու հոգու տարել էին հիվանդանոց` մի կնոջ եւ մի տղամարդու, նրանք ենթարկվել էին վրաերթի, ինչը ոստիկանությունը որեւէ կերպ չի ուզում ընդունել: Եվ եւս մեկ դրվագ, երբ ցուցարարների մի խումբ բերեցին տոպրակ, որի մեջ շշեր էին բենզինով լցված, եւ ասացին, որ առգրավել են այդ տոպրակը ոստիկանության մեքենայից»,- ռադիոկայանին պատմել է Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքերով, հարցաքննությունը տեւել է չորս ժամ: «Երբ ես այնտեղ էի, հարցաքննության եկավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը իր փաստաբան Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ», - պատմել է Ռուզան Խաչատրյանն ու հավելել. - «Ասեմ, որ ինձ հարցրեցին նախապես` ուզո՞ւմ եմ փաստաբան, թե՞ոչ: Ես պատասխանեցի, որ այս պահին փաստաբանի կարիք չունեմ, հետագայում, եթե պետք լինի, կհրավիրեմ»: Ինչպես նշում է «Ազատությունը», Խաչատրյանի հետ հարցազրույցի պահին Ստեփան Դեմիրճյանը դեռ դատախազությունում է եղել։
