ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության նախագահության հայտարարությունը
Մարտի 1–ի եւ 2-ի դեպքերի մասին հայտարարություն է տարածել Եվրամիության նախագահությունը։
«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով: Եվրամիությունը դատապարտում է մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում գործադրված բռնության ակտերը, որոնց հետեւանքով եղան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Կոչ ենմա անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքը իրականացնելու համար, եւ վերացնել արտակարգ դրությունը, որով սահմանափակումներ են մտցվել մամուլի ազատության, հավաքների ազատության եւ քաղաքական կուսակցությունների նկատմամբ:
Եվրամիությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից եւ վերստին ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ, քանի որ դա է միակ ճանապարհը դեպի առաջ: Կառուցողական երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շատ կարեւոր է երկրում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»:
Միաժամանակ Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննություն իրականացնել:
