Պատասխանողները միջնորդում են մերժել

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվող նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), Դատախազության, Ոստիկանության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ներկայացուցիչները հայտարարել են, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումներն ու կեղծիքները զանգվածային բնույթ չեն կրել, ինչպես նշում են դիմումատուներ Տիգրան Կարապետյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այդ մարմինների ներկայացուցիչների խոսքով` թերություններ եղել են, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա: Ուստի նրանք միջնորդում են մերժել նախագահ թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը իր խոսքում ասել է, որ այս ընթացքում դատախազությունում 37 քրեական գործ է հարուցվել: Առանձնապես ծանր հանցագործություններ թե’ նախընտրական, թե’ ընտրությունների փուլերում չեն կատարվել: Նախընտրական շրջանում, Թամազյանի փոխանցմամբ, հանցագործության մասին 52 հաղորդում է ստացվել եւ դրանցից միայն 12-ի մասով է քրեական գործ հարուցվել: