ԱԱԾ–ն ընդդեմ թերթերի

Համաձայն Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրի կետերից մեկի. «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»։ Այս հրամանագրին ի պատասխան որոշ թերթեր որոշել էին մարտի 4-ին հրատարակվել մաքուր էջերով եւ դադարեցնել հրատարակումը մինչեւ արտակարգ դրության վերացումը։

Սակայն բողոքի այս ակցիան, որ ոչ մի կերպ չէր հակասում վերը նշված հրամանագրին չի կայացել։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տպարաններին արգելել են հրատարակել այս թերթերը։ Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություններ ունի, որ "Ա1+", "Պանարամա", "Լրագիր" տեղեկատվական ինտերնետային կայքերի գործունեությունը դադարեցվել է: Այս կապակցությամբ, ԱԱԾ ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ այդպիսի ծայրահեղ միջոց ձեռնարկելու պատճառը` համապատասխան տեղեկատվական ինտերնետային կայքերի պրովայդերների հանրապետությունից դուրս գտնվելն է: