Եվս մեկ գլխացավանք Սերժ Սարգսյանի համար

ՀՀ Կառավարության շենքի առաջ հերթական անգամ բողոքի հերթական ակցիա էին անում Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների, Դալմայի, Նորքի այգիների ներկայացուցիչները: Վերջիններս պահանջում էին վարչապետ Սերժ Սարգսյանից ընդունելություն, սակայն նրանց պահանջը մնաց օդում: Դրա փոխարեն նրանց լսելու էին եկել քաղաքապետարանից ներկայացուցիչներ, ինչը ցուցարանների սրտով չէր:

«Հրապարակում վարչապետը ասաց, թե այս ենք անելու, այն ենք անելու, եկանք եւս մեկ անգամ համոզվելու, թե նրա ասածները իրականություն են, թե խոստումներ: Եկել են քաղաքապետարանից, հրավիրում են Դավթյան Կարենի մոտ, բայց մենք ասեցինք, որ չենք ուզում քաղաքապետին տեսնել, քանի որ նա այն նույն հանցագործն է, որը այսքան բաներ բերեց մեր գլխին: Թող վարչապետը խոստումները գործողության վերածի»,- հայտարարել է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը:

Վաչագան Հակոբյանն էլ վստահեցրեց, որ իրենք նամակ են պատրաստում կառավարությանը դատի տալու համար, քանի որ համոզվում են` վարչապետը էլ ոչ մի բան չի անում: «Եթե երկու օրվա մեջ հարցերը չլուծվի, մենք կմիանանք ընդդիմադիր մեր ընկերներին եւ կպայքարենք: Պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասաց Վաչագան Հակոբյանը: