ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգությունը» պահանջում է պատժել
Անցած շաբաթ օրը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ եւ այդ կուսակցության ներկայացուցիչներ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ թույլ տրված կոպիտ խախտումների մասին հաղորդում են փոխանցել ՀՀ գլխավոր դատախազությանը` պատճենը հասցեագրելով իրավապաշտպան երկու կազմակերպությունների ու ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարներին:
«ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին
ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան պարոն Արմեն Հարությունյանին
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար պարոն Գերտ Արանսին
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգին
Հաղորդում հանցագործության մասին
2008 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Դավիթաշեն համայնքի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նիստում տեղամասային հանձնաժողովներից ստացված վերահաշվարկի դիմումների քննարկումը ՀՀ ընտրական օրենսգրքի 40.2 հոդվածի համաձայն` պետք է հրավիրվեր ժամը 9:00-ին, սակայն նիստը հրավիրվեց միայն 10:30-ին` հանձնաժողովի անդամներ Արտյոմ Ծատուրյանի, Ռազմիկ Բարֆյանի, Էդիկ Գեւորգյանի, Գրիգոր Գաբրիելյանի, Լիլիթ Մկրտչյանի ուշանալու պատճառով: Ի դեպ, փետրվարի 22-ին, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40.2 հոդվածի 7-րդ կետի պահանջները, վերոնշյալ անձինք միտումնավոր չէին ներկայացել հանձնաժողովի նիստին:
Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ըստ գործավարության մատյանում նշված հերթականության, առաջնահերթ վերահաշվարկման պետք է դրվեին 5/05 տեղամասի քվեարկության արդյունքները: Հաշվարկման ընթացքում հանձնաժողովի նախագահը վատառողջ լինելու պատրվակով լքեց նիստը, որը շարունակեց վարել նախագահի տեղակալը: Պատշաճ կարգով վերահաշվարկն ավարտելուց հետո կազմվեց արձանագրություն, այնուհետեւ երբ ՀՀ ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը գործավարության մատյանում հայտնաբերեց, որ վերահաշվարկն ըստ գրանցման հերթականության պետք է իրականացվեր 5/27 տեղամասի պարկերի վերաբերյալ, հանձնաժողովի անդամները տարբեր պատրվակներով լքեցին տեղամասը: Իրենց վարքագծով նրանք փաստորեն փորձում էին կազմալուծել հանձնաժողովի նիստը` վերահաշվարկի գործընթացը:
Ղեկավարվելով ՀՀ ԿԸՀ-ի կանոնակարգի Գլուխ 7, 43 ժբ կետում նշված պահանջով, Զոյա Թադեւոսյանը հորդորեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյոմ Ծատուրյանին` շարունակել հանձնաժողովի նիստը, որտեղ որոշվեց հաջորդը վերահաշվարկել թիվ 5/21 տեղամասի քվեարկության արդյունքները: Դրանից հետո ստանալով մի շարք հեռախոսազանգեր` Ա.Ծատուրյանն ակնհայտորեն ահաբեկված, օրենքի կոպիտ խախտմամբ, առանց որեւէ պատճառաբանության հրաժարվեց շարունակել նիստը: Այդ ընթացքում նա անընդհատ հեռախոսազրույցներ էր ունենում մեզ համար անհայտ անձանց հետ: Հեռախոսով խոսելիս` այլ արտահայտությունների շարքում, նա թույլ տվեց նաեւ հետեւյալը. «Ինչ է, ես պիտի ուրիշի արածի պատասխանատվությունն ինձ վրա՞ վերցնեմ»: Այդ պահին հանձնաժողովի անդամներից ներկա էին ՕԵԿ անդամ Մեդորա Չախմախչյանը, «Ժառանգության» անդամ Անահիտ Ներսիսյանը, Հանրապետական կուսակցության անդամներ Ռազմիկ Բարֆյանը, Էդիկ Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը: Վերահաշվարկի գործընթացը սկսելուց հետո ԸԸՀ անդամներ Ռազմիկ Բարֆյանը, Էդիկ Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գրիգոր Գաբրիելյանը դուրս եկան տեղամասից: Այդ պահին Ա.Ծատուրյանը փորձեց գողանալ քվեարկության արդյունքների պարկը, ինչը կանխվեց հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանի կողմից: Կրկին ստանալով հեռախոսազանգ` Ա.Ծատուրյանը դադարեցրեց իր ապօրինի գործողությունները եւ դուրս եկավ տեղամասից: Քիչ անց ներս մտավ հանձնաժողովի քարտուղար Ռազմիկ Բարֆյանը եւ հափշտակեց գործավարության մատյանը: «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Քալանթարյանը հանձնաժողովի անդամներ Անահիտ Ներսիսյանին, Մեդորա Չախմախչյանին եւ ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանին հայտնեց, որ ընտրատեղամասին հարակից սենյակում Լիլիթ Մկրտչյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Արտյոմ Ծատուրյանը ինչ-որ բողոքներ են պատրաստում հանձնաժողովի մյուս անդամների վերաբերյալ:
Այդ ընթացքում ընտրատարածքի դռան մոտ Ա.Ծատուրյանի հրավերով խմբվել էր ավելի քան 50 մարդ, որոնց մի մասը ներկայանում էր որպես ՀՀ ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցներ` առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու: Տվյալ անձանց մեջ էր նաեւ Դավիթաշենի թաղապետի տեղակալ Արթուր Գեւորգյանը:
Հանձնաժողովի երկու անդամները` օգտվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 39 հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորություններից, փորձեցին շարունակել նիստը` իրականացնելով վերահաշվարկի գործընթացը, սակայն ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցներ ներկայացող անձինք խոչընդոտեցին հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Նրանք հանձնաժողովի անդամներին դուրս հրավիրեցին տեղամասից` հիմնավորելով, որ պետք է իրականացվի քննչական տեղազննություն: Հանձնաժողովի անդամների պահանջին` ներկայացնել գրավոր հիմքեր ընտրատեղամաս ներխուժելու եւ քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ, նշված անձինք շուրջ մեկ ժամ որեւէ կերպ չէին արձագանքում, փոխարենը սպառնում էին հաշվեհարդար տեսնել հանձնաժողովի, լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց նկատմամբ: Այդ սպառնալիքներն արագ իրականացվեցին: Տեղամաս ներխուժեցին 50-ից ավել սափրագլուխներ` ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Սափրագլուխները սկսեցին ծեծի ենթարկել լրագրողներին, դիտորդներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց: Նրանք ջարդեցին լրագրող Գագիկ Շամշյանի եւ «Ա1+» լրատվական ծառայության տեսախցիկները, հարձակվեցին «Առավոտ» թերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի վրա: Փաստորեն հանձնաժողովի անդամները, ԿԸՀ ներկայացուցիչը, լրագրողները, դիտորդներն ու վստահված անձինք հայտնվեցին ՀՀ ոստիկանության աշխատակիցների եւ մի խումբ սափրագլուխների պատանդի կարգավիճակում: Ապօրինություններին ականատես եղան Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը, ԵԱՀԿ երկու դիտորդներ, լրագրողներ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արտաշես Ավոյանը, ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որոնք ներկա էին որպես դիտորդ եւ ներկայացրել էին համապատասխան փաստաթղթեր, ինչպեսեւ այլ դիտորդներ: Ծեծկռտուքի ու քաշքշուկի արդյունքում հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդները եւ լրագրողները սափրագլուխների կողմից բռնի կերպով վտարվեցին ընտրատեղամասից` առանց փակի տակ դնելու առկա փաստաթղթերը, պարկը եւ մյուս պարագաները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում ենք համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը, հարուցել քրեական գործ եւ պատժել իրական մեղավորներին:
ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյան
թիվ 5 ԸԸՀ անդամ Անահիտ Ներսիսյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, դիտորդ Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, դիտորդ Զարուհի Փոստանջյան
