ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկին ձերբակալել են, մյուսին՝ ման են գալիս
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդումը՝ թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի, անդամների եւ այլոց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն աղավաղելու եւ կեղծելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, պարզվել է, որ Երեւանի 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նախագահի տեղակալ Ալվարդ Հովհաննիսյանը, քարտուղար Մարգարիտա Այվազյանը, հանձնաժողովի անդամներ Լեյլա Գրիգորյանը, Ռոզա Հովսեփյանը եւ այլոք ՀՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում մտցրել եւ իրենց ստորագրություններով հաստատել են ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հանձնաժողովի նախագահ Էդ.Աղաջանյանը ձերբակալվել է:
Ըստ նույն աղբյուրի, փետրվարի 20-ին ժամը 21։55-ին Չարենցավանի հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետեւի մասից կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալափարս գյուղի բնակիչ Արման Իլիչի Մնացականյանը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել, որ Ա.Մնացականյանը գործով չպարզված անձանց հետ վիճաբանել է Ալափարս գյուղում, որի ժամանակ կտրող-ծակող գործիքից ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի գործ 258-րդ 4-րդ մասի, 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Մնացականյանը վիճաբանել է ոմն Վարդանի հետ, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ:
Նշված դեպքը որեւէ առնչություն չունի ընտրական գործընթացի հետ եւ 21.02.08թ. տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե դանակահարվածը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ալափարս գյուղի նախընտրական շտաբի պետի որդին է, իրականության հետ որեւէ ընդհանրություն չունի: Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետը նշված գյուղում հանդիսանում է Վարդան Հայրոյանը: Ավելին՝ տուժող Ա.Մնացականյանի հորեղբայրը ղեկավարում է ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Ալափարս գյուղի շտաբի աշխատանքները:
Դատախազության այս հայտարարության ի պատասխան Լեւոն Տե–Պետրոսյանի թիմից եւս մեկ անգամ հայտարարել են, որ դանակահարվածը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ալափարս գյուղի նախընտրական շտաբի պետի որդին է։
