ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկու կոչ ՀՀ իշխանություններին
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ՀՀ
իշխանություններին կոչ է արել պատժել փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված
նախագահական ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնարարքների
հեղինակներին: «Իշխանությունները պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն այդ
միջադեպերին։ Լրագրողները պարզապես կատարել են իրենց աշխատանքը»:
Հաղորդագրությունում նշվում են «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե
Բարսեղյանի, «Հայք» թերթի թղթակից Սամվել Ավագյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության
օպերատոր Հովսեփ Հովսեփյանի նկատմամբ գործադրված բռնության դեպքերը:
ՀՀ Նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների եւ լրագրողների նկատմամբ
տեղ գտած բռնության դեպքերը անհապաղ հետաքննելու կոչ է արել նաեւ Human Rights
Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Human Rights Watch–ի
զեկույցը վերնագրված է «Հայաստան. Բռնությունները ընտրատեղամերում ստվերում
են ընտրությունները. թիրախ են դարձել ընդդիմադիր ակտիվիստները, դիտորդները եւ
լրագրողներ»։
«Ընտրությունների օրը այս հարձակումների թիրախը դարձել են հենց այն մարդիկ,
ովքեր փորձել են ապահովել քվեարկության օրինական ընթացքը։ Հայաստանի
իշխանությունները պետք է անկախ եւ շուտափույթ հետաքննություն անցկացնեն` ապահովելու
արդարության վերականգնումը եւ շեշտելու, որ մարդկանց վախեցնելը Հայաստանում
անհանդուրժելի է», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական
Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները:
Զեկույցում արձանագրված են նաեւ մի շարք փաստեր, օրինակ` Երեւանի 13/16
ընտրատեղամասում «Հայկական ժամանակի» լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Ժառանգության»
պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի դեմ հարձակումները: Տեղ են
գտել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ բռնությունների մասին
փաստերը` մասնավորապես Կոտայքի մարզում, «Ա1+»-ի օպերատորի աշխատանքի խոչընդոտման
փաստը, եւ այլն:
Human Rights Watch-ը նաեւ հորդորում է ԵԱՀԿ-ին` մանրակրկիտ ուսումնասիրել ընտրական
գործընթացում արձանագրված բռնությունները եւ ապահովել, որպեսզի այդ միջադեպերը
արձանագրվեն Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական
զեկույցում:
