ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարուցվել է 7 քրեական գործ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2008 թվականի փետրվարի 19-ին տեղամասերի ընտրական հանձնաժողովների, ՀՀ Նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված գրավոր հաղորդումների քննարկման արդյունքում՝ 19.02.08թ.՝ ժամը 23-ի դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ:
Աբովյան քաղաքի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը եւ անդամները արձանագրություն են կազմել այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանը ինքնակամ հեռացել է ընտրատարածքից, որից հետո ընտրատարածք մուտք են գործել նույն թեկնածուի վստահված անձինք՝ Գուրգեն Եղիազարյանը եւ մյուսները, ովքեր վիրավորել են իրենց, խոչընդոտել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Աբովյան քաղաքի թիվ 28/07 ընտրատեղամասի ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանը դիմել է Կոտայքի ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ փետրվարի 19-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ընտրական տեղամաս են մտել 3 անծանոթ անձինք, դուրս են բերել իրեն ընտրական տեղամասից, որոնցից մեկը իրեն ծեծի է ենթարկել՝ ասելով, որ չխառնվի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/21 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն եւ նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին մի խումբ անձինք ծեծի են ենթարկել՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
Լոռու մարզի Արեւածագ գյուղի թիվ 32/53 տեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն Էդմոնդ Գեւորգյանը ալկոհոլ օգտագործած վիճակում խոչընդոտել է նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2008 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 14-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ, հավաքված բազմության ներկայությամբ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածքի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը ծեծել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Կոտայքի մարզի Գառնի գյուղի 27/30 ընտրական տեղամասում՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Տիգրան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել Արտուշ Հակոբյանի հետ, որի ընթացքում դանակի հարվածով թափանցող վնասվածք է հասցրել վերջինիս: Ա.Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան Խաչատրյանի, ինչպես նաեւ լրագրող Լուսինե Բարսեղյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Դատախազությունը խոստանում է այս քրեական գործերի նախաքննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել:
