ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
Հայաստանի նախագահական ընտրությունները բացառիկ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի ու ժողովրդի համար և կարևոր քայլ են ժողովրդավարության զարգացման և երկրի հեղինակության բարձրացման գործում:
Ցավոք, փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ընտրակեղծիքներ և ընտրախախտումներ, ավելին, ընտրական գործընթացը ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց ահաբեկման, շանտաժի և ծեծի ենթարկելու բազմաթիվ օրինակներով, ինչը կանխելու մասին մենք դեռևս օրվա երկրորդ կեսին հանդես եկանք հայտարարությամբ: Բազմաթիվ ընտրական տեղամասերում զանգվածային լցոնումների, ընտրակաշառքների համատարած բաժանման, բաց և կրկնակի քվեարկությունների և ՕԵԿ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքների գրանցելուց զանգվածային հրաժարվելու, բազմաթիվ տեղամասերում ձայների հաշվման ընթացքում կատարված կեղծիքները կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը և արդարությունը:
Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք ընտրությունների արդյունքների վերանայման և բողոքարկման գործընթաց` պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան երկու հարյուր ընտրական տեղամասերում, որի արդյունքում Էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչը իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
Դիմում ենք ՀՀ իշխանություններին` միջոցներ ձեռնարկել չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության և օրենքների խախտմամբ մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու և աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատման վտանգով:
ՀՀ նախագահի թեկնածու
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակ
