Բողոքների քանակը աճում է

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր։ Ժամը 14։30-ի դրությամբ ստացվել են նոր տեղեկություններ։

Երեւանի թիվ 34/24, 34/25, 34/26 տեղամասեր միկրոավտոբուսներով ընտրողներ են բերում և հենց տեղամասերի մոտ ընտրակաշառք տալիս Սերժ Սարգսյանին ընտրելու համար։ Մի քաղաքացի տեսել է, թե ինչպես է ընտրատեղամասի մատույցներում BMW մակնիշի մի մեքենայից ընտրակաշառք բաժանվում։

Մասիսի Նիզամի գյուղի թիվ 16/44 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ չի թույլատրում Լեւոն Տեր–Պետրոսյանի վստահված անձին ծանոթանալ արձանագրությանը։

Սեւան քաղաքում հիվանդանոցում ստացիոնար բուժում անցնող հիվանդ ընտրողների ցուցակը ավելացել է 40 մարդով։

6/29 տեղամասի ընտրողներից մեկը բողոքել է, որ իր բնակարանի վրա կեղծ հաշվառված մարդ կա, ով մասնակցել է ընտրությանը։

Թիվ 4/24 ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել

Երեւանի Թիվ 100 դպրոցում արձանագրվել է կարուսել։ Կազմվել է արձանագրություն

Էրեբենու 13/11 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկություն եւ լցոնումներ

ԱԺ պատգամավոր Արսեն Ավագյանը հայտնել է, որ Աբովյան-Պուշկին փողոցներում 57 երթուղային տաքսիների մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատարածքներ: Իրավական շտապ օգնության մեքենան մեկնել է, սակայն երթուղային տաքսիներ չեն եղել: Նույն 57 երթուղային տաքսիների մեքենաներ են նկատել նաեւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ