ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողը խնդրել է միջոցներ ձեռնարկել ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի նկատմամբ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից և լրագրող Գագիկ Շամշյանից գրավոր դիմում-բողոք է ներկայացրել՝ նշելով, որ ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը չարամտորեն եւ միտումնավոր փորձել է վիրավորել իր արժանապատվությունը:
«Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել ՀՀ Նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նկատմամբ, որպեսզի վերջինս պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար»,- ասվում է դիմումում:
Դիմումատուի ներկայացմամբ՝ 04.02.08թ. «Հայելի» ակումբում ԺԿ նախագահ, ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ, ի պատասխան մութ ու ցուրտ տարիների մասին թեկնածուի գովազդային տեսահոլովակին վերաբերող իր հարցին, Տ.Կարապետյանը պատասխանել է վիրավորական արտահայտություններով:
Բողոք-դիմումը վերահսկողությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատախազության քննարկմանը:
