ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունը կարեւոր դեր ունի
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՀՀ նախագահի ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Տորշինին:
Աղվան Հովսեփյանը հույս է հայտնել, որ ինչպես 2007-ի մայիսյան, այնպես էլ 2008-ի փետրվարյան ընտրությունները կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների արագ արձագանքն ապահովելու ուղղությամբ դատախազությունում ձեւավորված դրական փորձը կիրառվում է նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ եւ դատախազությունում հունվարի 21-ից գործում է աշխատանքային խումբ, որը հսկողություն է իրականացնում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ: Բացի այդ՝ իրականացվում է ԶԼՄ-ների մոնիտորինգ եւ քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող մամուլի հրապարակումներին տրվում է ընթացք, իսկ արդյունքների մասին հանրությանը տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն:
Ալեքսանդր Տորշինը բավականին բարձր է գնահատել դատախազության դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների բնականոն անցկացման գործում՝ կարեւորելով ընտրախախտումներին դատախազության կողմից արագ արձագանքումը: Նրա խոսքերով՝ ձեւավորված փորձը բավականին ուսանելի է եւ վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
