Հանուն տարածաշրջանային խաղաղ զարգացման

Երևանում անցկացվող «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովի մասնակիցները ուրբաթ` փետրվարի 8-ին ընդունել են եզրափակիչ հռչակագիր։ Միջոցառման մասնակցում են փորձագետներ և հասարակական գործիչներ Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Չինաստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Սիրիայից և Թուրքիայից, ինչպես նաև դիվանագետներ և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հռչակագրի հիմնական գաղափարը Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը միավորող նոր տարածաշրջանի ստեղծման մասին առաջարկն է։ Միաժամանակ, ինչպես գիտաժողովի փակման ժամանակ նշել է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, փաստաթուղթը որոշ մշակման կարիք ունի։ «Խմբագրված փաստաթղթի հիման վրա մենք առաջարկում ենք ստեղծել մի փաստաթուղթը, որը մինչև փետրվարի վերջ կներկայացվի գիտաժողովի մասնակից-պետությունների ղեկավարներին, այդ երկրների խորհրդարաններին և կառավարություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին», - նկատել է Արամ Սարգսյանը։

Ընդունելով հռչակագիրը՝ մասնակիցները ճանաչել են տարածաշրջանի երկրների խաղաղ զարգացման ընդհանուր-տարածաշրջանային միավորող գաղափարի սահմանման հրատապությունը, իսկ որպես առաջին քայլ՝ տարածաշրջանի երկրների լիազոր ներկայացուցիչներին առաջարկված է ընդունել «Հուշագիր», որտեղ կներկայացվի ընդհանուր հիմնահարցերը, ինտեգրացիայի և ինտեգրացիոն ակնկալիքների ու ռիսկերի ներուժի և հեռանկարի ուսումնասիրությունը, աշխարհատարածքային հիմնախնդիրների լուծման տարբերակների մոդելավորումը։

«Որպես միավորիչ գաղափար մենք առաջարկում ենք ընդունել ազգային-հումանիտար խնդիրները, որոնք իհարկե յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն լուծել, սակայն հարևան պետությունների հետ համագործակցելով՝ արդյունավետությունն առավել մեծ կլինի», - հայտարարել է Արամ Սարգսյանը։