ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչպես դիմավորել նախագահի թեկնածուին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին Վանաձոր պետք է ժամաներ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Եվ ահա թե ինչ է կատարվել Վանաձորում, նախքան թեկնածուի գալուստը։
Քաղաքի Տիգրան Մեծ, Նժդեհ և Տիգրան Մեծ, Մյասնիկյան խաչմերուկներից «Հայքի» հրապարակն անցնող հատվածը փակվեց 13:00-ից՝ ստիպելով վարորդներին քաղաքի մյուս ծայրն հասնելու համար շրջանցել այդ հատվածը: Քաղաքի ծայրամասերում գտնվող հանրակրթական դպրոցներում դասերն ավարտել են սովորականից շուտ, ներքաղաքային թիվ 1, թիվ 5, թիվ 8 համարի երթուղային միկրոավտոբուսները, ավտոբուսները, նաև «Վանաձոր» երթուղային տաքսին 13:00-18:00-ն աշխատում են անվճար:
Վանաձորին կից հարակից գյուղերից հատուկ անվճար ավտոբուսներ են տրամադրվել մարդկանց քաղաք տեղափոխելու համար: Տաշիրից դեղին պետհամարանիշերով 4 ավտոբուս է եկել, նույնը՝ Մարգահովիտից և Ֆիալետովոյից: Վանաձորի պետական հիմնարկների աշխատակիցներին պարտադրել են 14:00-ից կազմակերպված խմբերով շարժվել Վանաձորի «Հայքի» հրապարակ, այլապես վաղվանից կարող են աշխատանքի չներկայանալ: Աշխատակիցների ներկայությունը ստուգվում է հենց տեղում՝ «Հայքի» հրապարակում՝ հատուկ գրանցամատյաններում «ներկա-բացակա» անելով: «Հայքի» հրապարակում յուրաքանչյուր հաստատություն իր հատուկ տեղն ունի, որտեղ էլ նրանք կանգնում են համապատասխան պաստառներով:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից, որը մինչև 2008թ. մարտի 1-ը գտնվում է արձակուրդում, ուսանողներին նախօրեին զանգահարել և կանչել են համալսարան՝ «Պոլիտեխնիկը Սերժի հետ է»: Համալսարանից, որը «Հայքի» հրապարակից 9կմ հեռու է, ուսանողներին ստիպել են հրապարակ հասնել ոտքով: Վանաձորի «Մխիթար-ոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, որը նույնպես մինչև 2008թ-ի մարտի 1-ը արձակուրդում է, ստիպել է ուսանողներին փետրվարի 7-ին ներկայանալ համալսարան ու մասնակցել հանդիպմանը:
Թեև հանդիպումը նախատեսվում էր 14:45-ին, սակայն մինչև 16:30 նախագահի թեկնածուն դեռ Վանաձորում չէ: «Հայքի» հրապարակում հավաքված ամբոխին մինչև թեկնածուի ներկայանալը զբաղեցնում են հայկական էստրադային երգիչները՝ Զարուհի Բաբայանը, Ավիկ Խալաթյանը, Հայկոն, «Շիկեր»-ը...
