Ոստիկանությունը հերքում է եւ հեգնում

«Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ փետրվարի 3-ին հրավիրած հանրահավաքում հայտարարել է, թե ոստիկանությունը խոչընդոտել է մարզերից եկող մարդկանց՝ կանգնեցնելով ավտոբուսներն ու իջեցնելով նրանց, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին։

Սրան ի պատասխան ՀՀ Ոստիկանությունը հարցնում է. Հովհաննես Մարգարյանը չի նշել, թե ո՞ր երթուղու, ի՞նչ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոբուսներ են կանգնեցվել, ովքե՞ր եւ ո՞ր պահակակետերում են կանգնեցրել ավտոբուսները, ո՞ր մարզից եկող ՕԵԿ–ի կողմնակիցներին են իջեցրել մեքենաներից և այլն։ Եթե կան այդպիսի փաստեր, ապա ինչո՞ւ չեն տրամադրվում իրավապահ մարմիններին` համապատասխան ընթացք տալու համար:

Ոստիկանությունը հայտարարում է, որ նման փաստեր չկան, դրանք մտացածին են: Նկատենք, որ քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստիպված է շարունակաբար հանդես գալ ՕԵԿ–ի, այսպես ասած, «փաստարկների» հերքումով։ Եվ այս անգամ էլ արվել է հերթական` իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը: ՕԵԿ-ը, ըստ ամենայնի, չի կարողացել ապահովել հանրահավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակ և ընդամենը 6 հազար համակիրներ հավաքելու իրողությունը փորձում է բացատրել ոստիկանության հորինված «խոչընդոտումներով»: Կրկին կոչ ենք անում` ոստիկաններին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ և արհեստական լարվածություն չհրահրել: Դա չի բխում մեր հասարակության և ընտրողների շահերից։

Իհարկե ողջունելի է, որ Ոստիկանությունը աշխատում է ամեն կերպ զերծ մնալ քաղաքականությունից, սակայն այս դեպքում հասկանալի չէ, ՕԵԿ–ի հասցեին ոստիկանության հեգնանքը։