ՆԱՏՕ–ի պատվիրակությունը կգա Հայաստան

Փետրվարի 4-8–ը Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում են ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի, միջազգային ռազմական անձնակազմի եւ ռազմավարական տնօրինության ներկայացուցիչներ` ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի եվրատլանտյան ինտեգրացիայի եւ գործընկերության տնօրինության քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկայի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում են ԱԳ եւ Պաշտպանության փոխնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Արա Նազարյանը:

Այցի նպատակն է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» եւ «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատումը: Համագործակցության ծրագրերը վերաբերում են ՀՀ Զինված ուժերի արդիականացմանը, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներին Գնահատման այցի արդյունքում կմշակվի զեկույց, որը կներկայացվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, այնուհետեւ կքննարկվի առաջիկայում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում:

Հաշվի առնելով Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳ Ծ-ի բազմաթիվ նպատակների իրականացումը, գնահատման այցի ընթացքում քննարկվելու է ծրագրի վերանայման եւ 2008թ. ընթացքում ադապտացված ԱԳԳԾ-ի հաստատման հնարավորությունը: Նոր ծրագրում նախանշված կլինեն Հայաստան- ՆԱՏՕ համագործակցության վերանայված նպատակներ: