ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չորսի հայտարարությունը
Հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Թալինում հունվարի 27-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած ծեծի համար մեղադրվող եւ ձերբակալված Թալինի չորս բնակիչները՝ Ժորա Սափեյան, Մկրտիչ Սափեյան, Տիգրան Բաղդասարյան եւ Հայկ Գեւորգյան։ Ըստ դատախազության, այս չորս հոգին ծեծի են ենթարկել Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանին: Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Սարգիս Կարապետյանը հանրահավաքի ընթացքում ժողովրդի միջից բարձրաձայնել էր հակատեր-պետրոսյանական արտահայտություններ: Չորսի հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցին Թալինի ամբողջ ժողովուրդը սպասում էր մեծ ոգեւորությամբ: Նախկինում եղած վախի հետքն անգամ չէր մնացել նրա գալու նախորդ օրերին: Մենք նախապես տեղեկություններ ունեինք, որ ժողովրդի ուրախությունը հարամելու համար պրովոկացիաներ են կազմակերպվում ու դրանցից մի քանիսը կարողացել էինք կանխել: Սակայն հանդիպման ամենազգացմունքային պահին նախօրոք նախապատրաստված պրովոկատորներից մեկին հաջողվեց անել իր սեւ գործը: Նա խցկվեց առաջին շարքերը եւ անհարգալից խոսքեր ասաց նախագահի հասցեին: Զայրացած մարդիկ նրան դուրս բերեցին հանդիպման վայրից: Մեզնից ոչ մեկն իրեն թույլ չի տալիս մասնակցել այն թեկնածուների հետ հանդիպմանը, որին չենք ընդունում, չնայած մենք էլ նրանց ասելու շատ բան ունենք:
Կատարվածը իսկական պրովոկացիա էր: Պրովոկացիա է նաեւ այն, որ մեզ դրա համար ձերբակալել են: Նպատակը այն է, որ դրանով խանգարեն մեր թեկնածուի քարոզարշավը: Մենք ազատամարտիկներ ենք, պատերազմ ենք տեսել, արյուն ենք տեսել ու շատ զրկանքներ: Մենք չենք ուզում, որ իշխանության կազմակերպած այս պրվոկացիան հասնի իր նպատակին: Դրա համար էլ կոչ ենք անում, որ չխանգարվի մեր սիրելի Նախագահի քարոզարշավը, որն անպայման ավարտվելու է հաղթանակով: Եթե պետք է, մի քանի օր էլ կնստենք: Միեւնույն է, հանդիպելու ենք ամենաուշը փետրվարի 20-ին, հաղթանակի օրը»։
