Օմբուդսմենը հանդուրժողականության է կոչում

ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հնարավորության
սահմանում մասնակցելու են զանգվածային հրապարակային միջոցառումներին` անմիջական
տեղեկատվություն ստանալու համար; Բացի այդ, գրասենյակին կից գործում է թեժ գիծ,
որով ընտրողները կարող են դիմել ընտրական գործընթացում մարդու իրավունքի
խախտումների կապակցությամբ: Թեժ գծի հեռախոսահամարներն են. 537651, 539271, 538831,
537634, 538577, 091 008817, 091280206: Բացի այդ գործում է նաեւ
ombuds@ombuds.am էլ. փոստը, փետրվարի 1-ին
հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Բացի սրանից
Օմբուդսմենի գրասենյակը նախագահի ընտրության օրը` փետրվարի 19-ին, առավոտյան 7-ից
մինչեւ փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ը սահմանելու է հերթապահություն: Արմեն
Հարությունյանը ասում է, թե հատուկ կարեւոր են համարում ընտրակեղծիքների, հատկապես
ընտրակաշառքի դեմ պայքարը, որովհետեւ ընտրակաշառքը, ըստ օմբուդսմենի, կվիժեցնի
Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը: Արմեն Հարությունյանը կոչ է անում
քաղաքացիներին չվերցնել ընտրակաշառք, քանի որ այդպիսով ընտրված քաղաքական ուժը
որեւէ բարոյական պարտավորություն չի ունենա ընտրողի առաջ: Մարդու իրավունքի
պաշտպանը քաղաքացիներին խնդրում է միայն դիմել կոնկրետ, ըստ դեպքի, ոչ թե վերացական
տեղեկությունների հիման վրա:

Օմբուդսմենը կարեւոր է համարում նաեւ քաղաքացիական իրավունքների ազատության
ապահովումը, ասելով, որ այդ հարցում Հայաստանը որպես հետխորհրդային երկիր, դեռեւս
ունի շատ անելիք: Արմեն Հարությունյանը նաեւ հանդուրժողության կոչ է անում, ասելով,
որ առանց դրա պայծառ ապագան անհնար է: Նա դատապարտում է թեկնածուների նախընտրական
շտաբների աշխատանքը խոչընդոտող ցանկացած դեպք: Արմեն Հարությունյանը տեղեկացրել է
նաեւ, որ այժմ իր գրասենյակը ուսումասիրում է նախընտրական քարոզչության ընթացքում
խախտումների մասին ահազանգերն ու լուրերը։ Ուսումնասիրության արդյունքները
կհրապարակվեն։