ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր պատահարներ Լեւոն Տեր–Պետրոսյանի շտաբում
Անցած գիշեր`ժամը 2:20-ի սահմաններում, անհայտ անձինք հրկիզել են Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական գրասենյակի դուռը: Տեր-Պետրոսյանի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետի տեղակալ Ռուբիկ Ոսկանյանը հայտարարել է, որ գրասենյակի հերթապահը սկզբում նկատել է մի «Ժիգուլի» ավտոմեքենա, այնուհետեւ պայթյուն է լսել:
«Աստիճանների վրա բենզինով երկու շիշ են տեղադրել: Շշերը վառել են, մուտքի դուռը սկսել է այրվել: Հերթապահն է դուրս եկել եւ ջրով հանգցրել կրակը», - պատմել է Ոսկանյանը, ում խոսքերով` հերթապահը որեւէ վնասվածք չի ստացել: Դեպքի վայր են եկել Վանաձորի ոստիկանները, տեղազննություն են կատարել: Որեւէ կասկածյալ դեռեւս չկա: Հիշեցնենք, որ չորս օր առաջ ՀՀ ոստիկանության միջամտությամբ Կապանում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը փակվեց։ Շտաբը վարձակալությամբ վերցված սովորական բնակարան էր, որի սեփականատերը հանկարծ որոշեց հրաժարվել Տեր–Պետրոսյանի համակիրների հետ պայմանավորվածությունից։ Ի դեպ, Կապանում Լեւոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբը այժմ սովորական վրան է։
