ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդեն Սերժ Սարգսյանն է ամենահարուստ թեկնածուն
Հայաստանի հանրապետության նախագահի աթոռին հավակնող 9 թեկնածուները շարունակում են քարոզարշավը եւ շարունակվում է նրանց նախընտրական հիմնադրամներում գումարների հոսքը։ Հունվարի 29-ի դրությամբ թեկնածուներից երեքը՝ Արման Մելիքյան, Արամ Հարությունյան եւ Տիգրան Կարապետյան, ինչպես եւ քարոզչության առաջին օրերին, իրենց հիմնադրամներում գումար չունեն։ Իսկ մնացած 6 թեկնածուները հունվարի 29-ի դրությամբ միասին ունեին 80 277 000 դրամ եւ ծախսել էին 62 330 333 դրամը։
Եթե հունվարի 24-ի դրությամբ իր 20.3 միլիոն դրամով ամենահարուստ թեկնածուն Արթուր Բաղդասարյանն էր, ապա հունվարի 29-ին նա ծախսել է 14 297 800 դրամը եւ զիջել դիրքերը։ Վահան Հովհաննիսյանն է ամենահարուստ թեկնածուն առանց ծախսերի։ Նա հունվարի 29-ին ուներ 30 միլիոն դրամ, բայց 27.914 միլիոնը ծախսել է եւ ունեցած 2.086 միլիոնով առաջին հարուստի կոչմանը չի ձգում։ Հունվարի 24-ին 17.3 միլիոնի «սեփականատեր» Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին ուներ արդեն 21.05 միլիոն եւ ծախսելով ընդամենը 7.670, իր 13.380 միլիոնով ամենահարուստ թեկնածուն է։ Լեւոն Տեր Պետրոսյանը 5 օրում «հարստացել է» 8 միլիոնով 4.695 միլիոնի փոխարեն նա ունի 12.537, որի կեսը, սակայն ծախսել է ու ունի 6.337 միլիոն դրամ։
Հունվարի 24-ին Վազգեն Մանուկյանի ունեցած 130 000 դարձել է 330 000։ Սակայն սրանից թեկնածուն ծախսել է 308.5 հազարը եւ ունի մոտ 22 հազար դրամ։ Արտաշես Գեղամյանն էլ է ծախսել սիրում։ Ունեցած 6 միլիոնից 5.930 ծախսել է։
Վահան Հովհաննիսյանը միակ թեկնածուն է, ում քարոզարշավի ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ նրան առաջադրած թեկնածուն։ ՀՅԴ–ն ընկեր Վահանի հաշվին է փոխանցել 10 միլիոն դրամ։ Միայն Լեւոն Տեր–Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանին հիմնադրամներին են իրավաբանական անձիք գումարներ փոխանցել։ Ֆիզիկական անձիք ամենաշատ ներդրում ունեն Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր–Պետրոսյանի հիմնադրամներում. Համապատասխանաբար 61 հոգի՝ 10.3 միլիոն դրամ եւ 82 հոգի 11.537 միլիոն դրամ։ Քարոզարշավը շարունակվում է։
