ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2007-ին Եվրոպական դատարան է դիմել ՀՀ 597 քաղաքացի
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2007թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ հաշտվետվությունից տեղեկանում ենք, որ 2007 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 15-ը ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է 597 գանգատ: Նույն ժամանակահատվածում 40 գանգատ ճանաչվել է անընդունելի, 4 գանգատ հանվել է քննության ենթակա գործերի ցուցակից, իսկ 4 գանգատ ճանաչվել է ընդունելի: Եվրոպական դատարանից ՀՀ կառավարության հետ գրագրություն է իրականացվել 57 գանգատի կապակցությամբ, որոնցից՝ 15-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր են, 12-ը` քրեական եւ 30-ը քաղաքացիական գանգատներ: Դատարանից ստացված գանգատներից 25-ով Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան Դիմումատուների կողմից ներկայացվել է արդարացի փոխհատուցման պահանջ, որն իր մեջ ներառում է դիմումատուի կրած նյութական եւ ոչ նյութական (բարոյական) վնասի, ինչպես նաեւ դատական ծախսերի փոխհատուցում (սկսած 5.000 եվրոից մինչեւ 1.500.000 եվրո): Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից կայացվել են 15 որոշումներ, որոնցից` անընդունելի ճանաչելու մասին 3 գործ, գանգատները գործերի ցուցակից հանելու մասին 3 գործ, հաշտության համաձայնագրի կնքման եւ այդ գանգատները Դատարանի գործերի ցուցակից հանելու մասին 2 գործ, մասնակի անընդունելի ճանաչելու մասին 7 գործ:
