Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի դերը

Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի կայունացնող դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, երեքշաբթի տեղի ունեցած Cooperative Longbow/ Lancer զորավարժությունների պլանավորմանը նվիրված խորհրդաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Օհանյանի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հեռանկարային հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար հայկական կողմը մի շարք ծրագրեր է իրականացնում, մասնավորապես անց է կացնում համատեղ զորավարժություններ։

«Զորավարժությունները նպաստում են ոչ միայն դրանց մասնակիցների մասնագիտական բարձրացմանը, այլ նաև հանդիսանում են համագործակցության անուղղակի փորձություն», - նշել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հրամանատարը։

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։