Փոփոխությունների ճանապարհին խոչընդոտներ կան

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ/ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գրեթե բոլոր դիտողությունները և հանձնարարականները, որոնք ներկայացվել էին Հայաստանում 2007 թ.-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, հաշվի են առնվել՝ հանրապետության Ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելիս, լրագրողներին ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։ «Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի մեր գրեթե բոլոր դիտողությունները և հանձնարարականները, հաշվի են առնվել Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններում», - հավելել է դեսպանը։

Միաժամանակ, Կապինոսն ափսոսանքով նշել է, որ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով արվել են նախագահական ընտրությունների շեմին՝ ավելացնելով, որ դրանց անխոչընդոտ իրականացման վրա հույս ունենալը շատ դժվար է, քանի որ իրականացման մեխանիզմ ստեղծելու համար ժամանակ է հարկավոր. «Սակայն, որքանով ես տեղյակ եմ, հայկական կողմը գործադրում է բոլոր ջանքերը՝ նման մեխանիզմներ ստեղծելու համար։ Ես հույս ունեմ, որ սա լավ հիմք կծառայի՝ Հայաստանի նախագահական ընտրությունների թափանցիկության և կազմակերպման մակարդակն առավել բարձրացնելու համար»։