ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում ահաբեկման մթնոլորտ է
Հունվարի 24 լույս 25-ի գիշերը անհայտ անձինք կոտրել են «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի ապակիները, պոկել ցուցապաստառները: Այս պահին ոստիկանության աշխատակիցները փորձում են ճշտել` ովքեր այդ արարքի հեղինակները: ՕԵԿ մարզային կառույցի ղեկավար Խաչիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, թե դժվարանում է նշել դրդապատճառները. կոնկրետ ճնշում կամ ահաբեկում գրասենյակի աշխատակիցների վրա վերջին օրերին չի եղել, բայց. «Քաղաքում ընդհանուր այդպիսի մթնոլորտ է»:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2008 հունվարի 25-ին անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի 1-ին հարկում տեղակայված «Օրինաց Երկիր» կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները և վնասել նշված գրասենյակի ցուցանակը՝ դրանով իսկ «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակին պատճառելով զգալի վնաս:
Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանի 25.01.08թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին:
