Դեսպանատունը խոստանում է հսկել

Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը հանդիպել է ՌԴ դատախազության Մոսկվա քաղաքի քննչական վարչության Կոպտեվսկի շրջանի քննչական բաժնի քննիչների հետ՝ Մոսկվայում 20-ամյա Վլադիմիր Քարամջյանի սպանության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Քարամջյանի սպանությունը տեղի է ունեցել հունվարի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20։57-ի սահմաններում՝ Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցի 20- Բ տան մոտակայքում։

Պարզվել է, որ Քարամջյանը Մոսկվայի ժամանակով ժամը 20։30-ի սահմաններում մոտեցել է Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցին՝ իր ընկերուհուն հանդիպելու նպատակով, որի հետ միասին նա սովորում էր Մոսկվայի Ավտոճանապարհային ինստիտուտում։ Այն ժամանակ, երբ Քարամջյանը սպասում էր իր ընկերուհուն, նրան են մոտեցել անհայտ անձինք և դանակի երկու հարվածներ հասցրել սրտի հատվածում։ Հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ Քարամջյանը, արյունաքամ վիճակում, մոտեցել է հարևան տան պահակախցին և օգնություն խնդրել։ Որոշ ժամանակ անց Քարամջյանին ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 50 հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո գիշերը ժամը 1։10-ին նա մահացել է։ Այժմ դատախազությունը «տաք հետքերով» զբաղվում է հանցագործների որոնմամբ։ Դատախազությունը մշակում է հանցագործության հնարավոր վարկածները։ Սակայն, հանցագործության վկաների բացակության պատճառով, հանցագործների մասին որևէ տվյալ չկան։

«Այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիվանագետները իրենց վերահսկողության տակ են վերցրել այս հանցագործությունը, ինչպես նաև անկախ քաղաքացիությունից, ազգությամբ հայ անձանց նկատմամբ ավելի վաղ կատարված հանցագործությունները։ Այս հանցագործության կապակցությամբ դատախազության քննիչների հետ մշտական կապ է պահպանվում՝ հայ տղայի նկատմամբ կատարված հանցագործության մանրամասն պատճառները բացահայտելու համար», - տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, սակայն, որ 2007 թվականին Ռուսաստանում ազգայնականները սպանեցին 7 հայի, ինչից հետո ՌԴ–ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հայ–ռուսական հարաբերությունները 5+ գնահատեց։