ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եթերը «բաժանեցին»
Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 21-ին հաստատել է նախագահի թեկնածուներին քաղաքական քարոզարշավի համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՀ) եթերը տրամադրելու կարգը։
Հաստատված կարգի համաձայն, ՀՀՀ եթերը քաղաքական գովազդի համար տրամադրվելու է հունվարի 23-ից փետրվարի 17-ը՝ ժամը 17։15-ից, իսկ տեխնիկական խնդիրների դեպքում եթերը կարող է հետաձգվել 30 րոպեով։
Հունվարի 23-ից փետրվարի 10-ը թեկնածուներին ամեն օր տրամադրվելու է 2 րոպե անվճար և 4 րոպե վճարովի եթեր։ Փետրվարի 11-16-ը հեռուստատեսությամբ գովազդի տևողությունը հասցվելու է մինչև 3 րոպե անվճար և 6 րոպե վճարովի եթերի, իսկ փետրվարի 17-ին թեկնածուներն անվճար կստանան 4 րոպե և վճարովի՝ 8 րոպե եթեր։
Միաժամանակ Հայաստանի հանրային առդիոյի եթերում քաղաքական գովազդին հունվարի 23-ից փետրվարի 10-ը հատկացվելու է 4 րոպե անվճար և 6 րոպե վճարովի եթեր, իսկ փետրվարի 11-16-ը՝ 6 րոպե անվճար և 9 րոպե վճարովի եթեր։ Փետրվարի 17-ին թեկնածուները կստանան 8 րոպե անվճար և 12 րոպե վճարովի եթեր։
Հայաստանի հանրային ռադիոյի եթերում քաղաքական գովազդը հնչելու է ժամը 13։30-ից։
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքով, թեկնածուների նախընտրական հոլովակների հեռարձակումը մեկնարկելու է նախընտրական քարոզարշավի մեկնարկից երկու օր ուշ, ինչը հնարավորություն կտա Հանրային հեռուստատեսությանը՝ պատշաճ մակարդակով նախապատրաստվել գովազդային հոլովակների հեռարձակման. «Թեկնածուները նաև լրացուցիչ հնարավորություն կունենան՝ իրենց ելույթներին պատրաստվելու համար։ Բացի այդ, դրա հաշվին մենք կարող ենք ավելի երկար եթերներ տրամադրել թեկնածուներին, ինչը համապատասխանում է ընդդիմադիր թեկնածուների պահանջներին», ասել է Ազարյանը։
Նախընտրական քարոզչության համար սահմանված հերթականության համաձայն, քարոզչության առաջին եթերային օրը՝ հունվարի 23-ին հանրային հեռուստաընկերության եթերում առաջինը կլինի Սերժ Սարգսյանը, վերջինը Արման Մելիքյանը։ Հանրային ռադիոյում՝ առաջինը կլինի Արման Մելիքյանը, վերջինը՝ Սերժ Սարգսյանը։ Քարոզչության վերջին օրը՝ փետրվարի 17-ին, հանրային հեռուստաընկերության եթերում առաջինը կլինի Արամ Հարությունյանը, վերջինը՝ Սերժ Սարգսյանը։ Հանրային ռադիոյի եթերում վերջին օրը առաջինը կլինի Արտաշես Գեղամյանը, վերջինը՝ Արթուր Բաղդասարյանը։
