Աշխատում են լեզու գտնելու ուղղությամբ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Իլհամ Ալիևը պատրաստ են ընդհանուր լեզու գտնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, հունվարի 15-ին Երեւանում այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ «Երկու նախագահներն էլ ունեն սեփական, բավականին կոշտ հայացքներ, և, միաժամանակ, նրանք, կարծես թե, պատրաստ են ընդհանուր լեզու գտնել»,-հայտարարել է նա, հավելելով, որ համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ. «Մենք նպաստում ենք նախագահների միջև կարծիքների փոխանակմանը, բայց արդյունքը կանխատեսել հնարավոր չէ. դա կախված է նոր մանրամասներից»։

Բրայզան ասել է նաեւ, որ համանախագահների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում իրենք հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, սակայն չի խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի նոր նախագծի ավարտման ժամկետների մասին. «Մենք պետք է ավարտենք այս փաստաթուղթը, բայց չեմ կարող կանխատեսել՝ կհասցնե՞նք, արդյոք, մինչև Հայաստանի նախագահական ընտրությունները»։