Ադրբեջանի երիտասարդությունը պատրաստ է միանալ Հայաստանի երիտասարդության հետ երկխոսությանը

Ադրբեջանի երիտասարդությունը պատրաստ է միանալ Հայաստանի երիտասարդության հետ երկխոսությանը «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում, եթե այդ նախաձեռնությունը ծառայի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի արագացմանը: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

Նրա ասելով, վերջին ժամանակներս աշխուժացել է «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության հաստատման գործընթացը: Մասնավորապես, երկու երկրների մտավորականության ներկայացուցիչները վերջերս եղան Ադրբեջանում և Հայաստանում` դիրքորոշումների շփման կետերի ուսումնասիրման նպատակով: «Ես կարծում եմ, անհրաժեշտության դեպքում մեր երիտասարդությունը նույնպես կպաշտպանի այդ նախաձեռնությունները և կներգրավվի գործընթացում», - ասել է Ռահիմովը: Նրա համոզմամբ, երկու երկրների երիտասարդության շրջանում արդեն եղել են բանավեճեր Սան Ֆրանցիսկոյում և Բրյուսելում կայացած միջազ•ային խորհրդաժողովների շրջանակներում, առաջիկայում համանման հանդիպում կանցկացվի Փարիզում: