Վահան Զատիկյանի անվան այգում հատվել է 51 հատ ծառ

Վ.Զատիկյանի անվան այգում տեղի ունեցած ծառահատումների դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Ս.Սինանյանի 08.01.08թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ նախաքննության իրականացումը հանձնարարվել է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Դեպքի վայրում կատարված տեղազննության արդյունքներով պարզվել է, որ այգում հատվել է 51 հատ ծառ՝ 15 հատ հացենի, 36 հատ թխկի, թեղի, բարդի: 08.01.08թ.համայնքի դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է հանցագործության բացահայտմանն ուղղությամբ կատարված աշխատանքները եւ դատախազը հանձնարարել է ոստիկանության մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հանցագործության արագ բացահայտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն կիրականացնի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը: