ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Թորոսյանն ընդդեմ ԿԸՀ-ի եւ ՄԻԱԿ-ի
«Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ ղեկավար Ռուբեն Թորոսյանը հունվարի 9-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի ինքը դիմել է նորաստեղծ հատուկ քննչական ծառայություն ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի եւ ՄԻԱԿ կուսակցության գործողությունների կապակցությամբ: Իր դիմումով Ռուբեն Թորոսյանը տեղեկացնում է, որ
«28.12.07թ. ԿԸՀ դիմում ենք ներկայացրել պարզաբանում ստանալու համար, որը հիմնականում վերաբերում է ՀՀ Նախագահի թեկնածու վարչապետի աշխատանքային պարտավորությունների դադարեցմանը: ԿԸՀ նախագահը, 07.01.08թ. 01-դ/108 գրությամբ, մեզ է ուղարկել ԿԸՀ թիվ 01 որոշումը այդ պարզաբանման մասին, սակայն, որի ընդունման համար, բոլոր հիմքերը կան արձանագրելու, որ ԿԸՀ համապատասխան նիստ չի անցկացրել»:
Ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի գործողությունների դեմ դիմումին, ապա Թորոսյանը տեղեկացնում է, որ կուսակցությունը կոպտորեն խախտում է Հայաստանի օրենսդրության պահանջները, մասնավորապես Ընտրական օրեսնգրքի 18-րդ հոդվածի 5-րդ կետը եւ 2007 թվականի նոյեմբերի 9-ի ԿԸՀ թիվ 159 որոշումը, որոնց համաձայն, Հայաստանի նախագահի ընտրության նախընտրական քարոզչությունը սկսում է 2008 թվականի հունվարի 21-ից: Մինչդեռ ՄԻԱԿ կուսակցությունը, ըստ Ռուբեն Թորոսյանի, իրականացնում է ժամանակավրեպ քարոզչություն եւ խոչընդոտում քաղաքացու ընտրական իրավունքը, քարոզչություն իրականացնելով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:
«Առավել մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ սույն երկու խախտումներն էլ կատարվել են այն պաշտոնատար անձի համար, որն օրենսդրական ուղղակի պարտավորություններ ունի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման օրինականության ապահովման ուղղությամբ: Իսկ նա ոչ միայն լռում է, այլեւ ակտիվորեն մասնակցում է նման օրինախախտումների իրականացմանը, այն էլ տարիներ շարունակ», նկատում է Ռուբեն Թորոսյանը
