Ժիրայր Սեֆիլյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արգելափակված Ժիրայր Սէ‎ֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին քաղաքացիական հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան և այժմ սպասում է, որ իր հայցը դատական վարույթ կընդունվի: Սէֆիլյանն ու իր փաստաբանը դատարանից պահանջում են որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անգործությունը ճանաչվի ՀՀ Սահմանադրությանը հակասող: Սեֆիլյանը եւ նրա փաստաբան Վահե Գրիգորյանը, իրենք նախագահ Քոչարյանին անգործության մեջ են մեղադրում այն պատճառով, որ Սէֆիլյանը քաղաքացիություն ստանալու պահանջով 2003-ին և 2005-ին դիմել է նախագահ Քոչարյանին, բայց վերջինս այդ կապակցությամբ ոչ մի որոշում չի կայացրել:

Երկու անգամ Ժիրայր Սե‎ֆիլյանին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չտրամադրելը, անգամ տրամադրել-չտրամադրելու մասին ընդհանրապես որոշում չկայացնելը, դիմողին պատշաճ կարգով չպատասխանելը անգործություն է, համոզված է Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանը։ Ըստ Վահե Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն խախտել է ՀՀ սահմանադրության 14 հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն ազգությամբ հայ Ժիրայր Սե‎ֆիլյանը պետք է հնարավորություն ունենար ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով: Խախտվել է նաև սահմանադրության 55 հոդվածի 15-րդ և 49 հոդվածի 2-րդ կետերը, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը:

Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ նախագահին ուղղված իրենց դիմումի համաձայն ստացել են ՀՀ քաղաքացիություն: Փաստաբանը մասնավորապես բերեց, Աֆղանստանից Աբդուլ Վալի Նասիմի Զադհիի և Իրանից Ղուդուս Աբդուլի օրինակները, ում` ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին հրամանագրերը Ռոբերտ Քոչարյանը, ստորագրել է 1998-ին: «Քաղաքացիություն ստացած նման մարդիկ շատ են», - նկատեց Վահե Գրիգորյանը։