Փոփոխություններ ոստիկաննների համար

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «Ոստիկանությունում
ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
օրենքը: Արված փոփոխություններն ընդունվել են Հայաստանի ազգային ժողովի դեկտեմբերի
6-ի նիստում ։ Լրացումները փոխում են ոստիկանությունում ծառայողական իրավական
հարաբերությունների բնույթն ու կառույցը։

Փոփոխությունները նախատեսում են ոստիկանության համակարգի կառավարման
ժողովրդավարացման իրավական մեխանիզմներ, և ավելացնում ոստիկանության կենտրոնական
աշխատակազմի անդամների տեղաբաշխման, վերատեղաբաշխման և մասնագիտացման մակարդակը։
Օրինագծի հեղինակների կարծիքով, ոստիկանության ողջ համակարգի կառավարման
արդյունավետությունը բարձրանում է որակապես այլ մակարդակի վրա։ Օրենքի համաձայն,
ոստիկանական ծառայությունը տարանջատվում է քաղաքացիականից, որը ապահովում է
ընդհանուր կառավարման խնդիրների լուծումը։ Արդյունքում ոստիկանության մեջ դրվում է
պետական ծառայության երկու ինքնուրույն տեսակների հիմքը (ոստիկանական ծառայություն
և հատուկ քաղաքացիական ծառայություն)։

Օրենքի համաձայն, ոստիկանությունում հատուկ քաղաքացիական ծառայությունը թույլ կտա
վերացնել վարչահրամանային ղեկավարումը, հանձնարարականների ծայրահեղացված կատարումը,
ավագության սկզբունքով ծառայության մեջ առաջադիմելու սովորությունը։ Ոստիկանության
հատուկ քաղաքացիական ծառայությամբ նախատեսված է պաշտոնների չորս խումբ՝ ավագ,
գլխավոր, առաջատար և կրտսեր։ Պաշտոնները հաստատվում են Քաղաքացիական ծառայության
խորհրդի կողմից կառավարման պետական մարմնի առաջարկությամբ։ Ընդ որում, ազատ տեղերը
լրացվելու են մրցույթային և արտամրցույթային հիմունքներով։

Օրենքի համաձայն, ոստիկանությունում հատուկ քաղաքացիական ծառայության աշխատակիցները
կարող են անդամակցել կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։